Տողի անկումը
Տողի մարդկային կորուստներ և տարհանում
2020 թվականի հոկտեմբերի 21-ին Տող գյուղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Տող գյուղում բուն մարտերի ընթացքում հայկական կողմը ունեցել է երկու վիրավոր, զոհեր չեն եղել։

Գյուղի երկու խաղաղ բնակիչ սպանվել է ադրբեջանցիների՝ գյուղ մտնելուց հետո։ Երկու զոհերն էլ եղել են տարեցներ, որոնք, չնայած բնակչության տարհանմանը, մնացել էին գյուղում։

Տողի բնակիչ մեկ զինծառայող զոհվել է Մարտունու շրջանում, մարտերի ժամանակ։

Գյուղի բնակիչները պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության և Արցախի տարբեր շրջաններ։ Տողեցիների ամենամեծ համայնքը հիմա Ստեփանակերտում է, ապա՝ Երևանում և հարակից բնակավայրերում։
2020 թվականի պատերազմին Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղից 9 ժամկետային զինծառայող էր մասնակցում՝ ռազմաճակատի տարբեր հատվածներում:

Նրանցից Ժորա Սահակյանը զոհվեց հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանում գտնվող Ուրյան բարձունքում:

Նրա հայրը՝ Վահիդ Սահակյանը, Տող համայնքի գլխավոր հաշվապահն էր։ Ժորան Սահակյանների ընտանիքի առաջնեկն էր։ Բանակ զորակոչվել էր 2019-ի հուլիսին, ծառայում էր Արցախի պաշտպանության բանակի 5-րդ պաշտպանական շրջանում՝ Մարտակերտի զորամասում։

«Ծառայությունից չէր դժգոհում, միշտ ասում էր` ամեն ինչ լավ է»,- պատմում է Ժորայի հայրը։
Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը
Պատերազմը սկսվելու օրը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան, Վահիդ Սահակյանը Տողում էր կնոջ և երկու դուստրերի հետ, որդին՝ Մարտակերտում ծառայության։

«Տանն էի, պայթյունների ձայնը լսեցի, հասկացա, որ պատերազմ է։ Գնացի գյուղամեջ, անմիջապես սկսվեց գյուղի մոբիլիզացիան։ Գյուղապետն այդ ժամանակ Երևանում էր։ Տեղեկացրինք իրավիճակը, հրահանգեց ՄՈԲ-ի ցուցակները կազմել մինչև իր հասնելը», - պատմում է Վահիդ Սահակյանը։

Գյուղից մոտ 20 հոգի ՄՈԲ է ձևավորվում, մեկնում են Հադրութի զինկոմիսարիատ։ Այնտեղից նրանց ուղարկում են դիրքեր՝ Տող գյուղից արևելք՝ մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Կարախանբեյլիից մինչև Քյուրդեր կոչվող տեղամաս։

Հոկտեմբերի 11-ին գալիս են Տող, երեք օր հետո գյուղի Կավաք կոչվող բարձունքի վրա կրակոցներ են լսվում, ադրբեջանական ուժերը մոտենում էին:

«Գյուղի` Քարքարաբանդ էին ասում, էդ տեղամասում ՊՆ խաղաղապահ զորքի գումարտակի հետ մեր ՄՈԲ-ի տղերքը դիրքեր են զբաղեցնում: Արդեն հոկտեմբերի 17-ից գյուղի աշխարհազորը Տողում էր տեղակայված։ Հոկտեմբերի 21-ին ադրբեջանցիները հասան Տող, մեկ օր դիմադրեցինք, բայց չկարողացանք պահել գյուղը»,-պատմում է Վահիդ Սահակյանը.

Պատերազմի առաջին օրվանից Վահիդ Սահակյանն ամեն օր խոսում էր որդու՝ Ժորայի հետ, որի գումարտակը Մարտակերտում մարտական գործողությունների էր մասնակցում։

Հոկտեմբերի 23-ից գումարտակը տեղափոխվում է Մարտունի։
«Հետը որ խոսում էի, ասում էր՝ պապ, մենք ընենց կարևոր դիրք ենք պահում, որ էս հանձնենք, մտնելու են քաղաք։ Չգիտեմ՝ քաղաք ասելով ինչ նկատի ուներ՝ Ճարտա՞ր, թե՞ Մարտունի։ Բայց էն, որ էդ ժամկետային զինծառայողները մինչև վերջ իրենց առաջադրած խնդիրը կատարել են, էդ հաստատ է», - հիշում է Վահիդ Սահակյանը։
Հոկտեմբերի 24-ի գիշերը լույս 25-ին Մարտակերտի զորամասի 4-րդ գումարտակի 11-րդ վաշտը, որտեղ ծառայում էր Ժորան, դիրքավորվում է Մարտունու Ուրյան բարձունքի վրա։

Հոր խոսքերով՝ այնտեղ 90-ականներից մնացած դիրքեր են եղել, նոր դիրքեր չէին հասցրել փորել. հոկտեմբերի 25-ից մտել են մարտի մեջ:
«Ուրյան բարձունքը քաչալ բլուր է, ո՛չ ծառ գոյություն ունի, ո՛չ քար ու անընդհատ անօդաչուներն էլ վերևը, օդը՝ բաց, տղերքը դարձել են բաց երկնքի տակ նշանակետ։

Բայց քանի անգամ հետ են մղել ադրբեջանցիների հարձակումը։ Հակառակորդը տեսել է, որ չի կարողանում, հետ է եկել ու հրետանի է սկսել աշխատացնել», - պատմում է Վահիդ Սահակյանը։
Հոկտեմբերի 27-ի գիշերը լույս 28-ին Ուրյան բարձունքում զոհվում է վաշտի հրամանատար Սուրեն Վահանյանը։ Վաշտն առանց հրամանատարի շարունակում է պահել դիրքը։

«Առանց հրամանատարի, առանց նորմալ փորված դիրքերի, նրանք մնացել են մինչև վերջ։ Հիմա եմ մտածում՝ երևի երդվել էին իրար չթողնել դիրքը, ինչ էլ որ լինի, նույնիսկ կյանքի գնով պահել այն», - ասում է Վահիդ Սահակյանը։

Հոկտեմբերի 30-ի երեկոյան՝ ժամը 6-ի սահմաններում, Ուրյան բարձունքի դիրքում ավիահարվածից զոհվում է 19 զինծառայող, որոնց մեջ էր Ժորա Սահակյանը։
Ժորա Սահակյանը
19 զոհվածներից 17-ը Մարտակերտի զորամասի 4-րդ գումարտակի 11-րդ վաշտի զինծառայողներ էին, 2-ը՝ «Մարտունի 2» զորամասից (ՊԲ 2-րդ պաշտպանական շրջան)։

Պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 18-ին, որոնողական ջոկատները Ուրյան բարձունքից դուրս են բերում զոհված զինծառայողների աճյունները։

Դեկտեմբերի 15-ին ԴՆԹ-ով նույնականացվում է Ժորա Սահակյանի մարմինը, դեկտեմբերի 16-ին նրան հուղարկավորում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
«Վերջին անգամ Ժորային տեսել եմ 2020-ի սեպտեմբերի 6-ին իրենց զորամասում։ Փոխվել էր, լրիվ ուրիշ մարդ ոնց որ լիներ, լրջացել էր, կատակներ էլ չէր անում։ Էդ մեր վերջին հանդիպումն էր», - պատմում է Ժորայի մայրը՝ Մանան Սահակյանը:
Ժորա Սահակյանի մայրը՝ Մանան Սահակյանը
Ժորա Սահակյանի վերջին հեռախոսազրույցը մոր հետ եղել է հոկտեմբերի 30-ին, ժամը 12։50-ին։ Մանան Սահակյանը հիշում է որդու զոհվելու օրը․

«Էդ օրը երազ էի տեսել, Ժորան անտառում բարձր գոռաց՝ մա՛մ։ Էդ ձայնից զարթնեցի, էդ ձայնը միշտ ականջիս մեջ է։ Զանգեցի, ասեց՝ սաղ լավ ա, մամ ջան։ Նույն օրը երեկոյան՝ ժամը վեցի մոտ, Ուրյան սարի վրա զոհվեց Ժորաս»։

Գյուղի տարհանումը
Մինչ ադրբեջանցիները Տող կհասնեին, պատերազմի առաջին իսկ օրը սկսվել էր Տողի բնակչության տարհանումը, բայց մասնակի։

«Սկզբում ժողովրդի մի մասը տարհանվեց դեպի ավելի խորը գյուղեր՝ Տումի, Հակակու և այլ տեղեր, որովհետև արկերից էինք պաշտպանում։ Բայց արդեն հոկտեմբերի 1-ից գյուղից ժողովուրդը տարհանվում էր լրիվությամբ կարելի է ասել»,- նշում է Տողի համայնքապետ Վարդան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ տրանսպորտի հարցը լուծել են տարբեր կերպ։ Օգտվել են նաև այն դեպքերից, երբ հայկական ուժերն առաջնագիծ տեղափոխող մեքենաները հետդարձի ճանապարհին դատարկ են եղել, և կարողացել են բնակչությանը տարհանել դեպի թիկունք։ Եղել են նաև կազմակերպություններ, որոնք իրենց օգնությունն են տեղափոխվել Տողի բնակիչներին։
Ինչ են թողել

«Մարդիկ կան, փաստաթղթերն էլ չեն հասցրել վերցնեն։ Եղել են մարդիկ՝ մենակ փաստաթղթերն են հասցրել վերցնեն, դուրս գան։ Գյուղի ժողովրդի ունեցվածքը, անասունները, գյուղտեխնիկան, մեծ թվով մեքենաներ մնացել են։ Որոշ գյուղտեխնիկա տարհանվել է հոկտեմբերի 18-ին, Մարտունու շրջան», - պատմում է գյուղապետ Վարդան Գրիգորյանը։

Սեպտեմբերի 29-ից Տողում էր տեղակայվել նաև Ջրականի հոսպիտալը, որը գյուղում մնաց մինչև հոկտեմբերի 10-ը։ Հադրութի անկումից հետո հոսպիտալը դուրս բերվեց Տողից։

Երբ տարհանումը մեծ մասամբ ավարտվել էր, Տողում դեռ կային բնակիչներ, որոնք օգնում էին մերձակայքում տեղակայված ստորաբաժանումների մատակարարմանը, սնունդ ու ջուր էին հասցնում։
Քաղաքացիական զոհեր
Չնայած նրան, որ պատերազմի սկզբից կազմակերպվել է գյուղացիների, առաջին հերթին՝ կանանց ու երեխաների տարհանում, գյուղում եղել է երկու քաղաքացիական զոհ։ Երկուսն էլ սպանվել են ադրբեջանցիների՝ Տողը գրավելուց հետո, իրենց տների մոտ։

Մարտիկ Ալեքսանյանը (ծնված 1963-ին) Տողում էր բնակվում կնոջ ու երեխաների հետ։

2020-ի պատերազմի սկսվելուց հետո Ալեքսանյանն ընտանիքին տեղափոխել է Ստեփանակերտ ու վերադարձել է գյուղ՝ գյուղատնտեսական աշխատանքը շարունակելու։

Չնայած ընտանիքի հորդորներին՝ Մարտիկ Ավետիսյանը մնացել է գյուղում։

Հոկտեմբերի 21-ի մարտերից հետո ադրբեջանցիները գրավել են գյուղը և սպանել այնտեղ մնացած երկու տարեց քաղաքացիականների։

Դեկտեմբերի 19-ին որոնողական աշխատանքների ժամանակ Մարտիկ Ավետիսյանի դին հայտնաբերվել է իր տան բակում, գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Ռադիկ Ստեփանյանը (ծնված 1937-ին) Տողում էր բնակվում կնոջ հետ։

2020-ի պատերազմի սկզբին նրա որդին պայմանագրային զինծառայող էր, դիրքերում էր։ Հոկտեմբերի 10-ից հետո նա կարողանում է կապվել ծնողների հետ ու ասում է, որ դուրս գան գյուղից, արդեն վտանգավոր է։

Գյուղացիների պնդումներով՝ Ստեփանյան ամուսինները համաձայնում են դուրս գալ գյուղից, բայց մեքենայի մեջ Ռադիկ Ստեփանյանի ինքնազգացողությունը վատանում է, նա մնում է գյուղում։

Հոկտեմբերի 21-ի մարտերից հետո ադրբեջանցիները գրավել են գյուղը։

Դեկտեմբերի 19-ին որոնողական աշխատանքների ժամանակ Ռադիկ Ստեփանյանի դին հայտնաբերվել է իր տան մոտ, գլխի և զույգ ազդրերի վրա հրազենային վնասվածքներով։


Տողեցիների տեղահանման ուղղությունները Հայաստանում և Արցախի հռչակած տարածքներում
Պատերազմից հետո Տողի բնակիչների մեծ մասը տեղափոխվել է Արցախի և Հայաստանի բնակավայրեր և արտերկիր։

2022-ի մարտի դրությամբ 204 ընտանիքներից 98 ընտանիք բնակվել է Արցախում, նրանցից 87 ընտանիք՝ Ստեփանակերտում։

95 ընտանիք էլ տեղափոխվել է Հայաստան։ Նրանց մեծ մասը՝ 41 ընտանիք, տեղավորվել է Երևանում։ Զգալի թվով ընտանիքներ էլ բնակություն են հաստատել Երևանին մոտ այլ բնակավայրերում։

Տողից 11 ընտանիք է պատերազմից հետո հեռացել արտասահման։

Քարտեզի ինտերակտիվ տարբերակը՝ հղումով։

Տողի անկումը
Շարքի մյուս պատմությունները կարդացեք ստորև
  • Տողը՝ իշխանանիստ
    Գյուղի իշխանական պատմությունը, դրա նշանակությունը Արցախի և Հայաստանի համար։
  • Մեկ օր տևած մարտեր
    Տողի համար տրված մեկօրյա մարտերը և գյուղի անկումը 2020 թվականի պատերազմի ընթացքում։
  • Կատարոն և տնտեսությունը
    Արցախի ամենահայտնի գինու գործարանի ճակատագիրը, գյուղի նյութական-տնտեսական կորուստները։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website