ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ
Հադրութի անկումից հետո ադրբեջանցիները սկսում են առաջխաղացումը դեպի հյուսիսում գտնվող գյուղեր։ Նրանք ուժեր են կենտրոնացնում Ուխտաձորի հատվածում (կարմիր գույնով)։
Հայկական ուժերը, այդ թվում՝ տեղացիների հրամանատարությամբ գործող խաղաղապահների դասակները, տեղակայվում են Տող գյուղից հարավ-արևելք՝ «Կարվին» կոչվող տեղամասում (կապույտ գույնով)։
Շաբուրյանը պատմում է, որ անկազմակերպ վիճակ էր, կապը պարբերաբար ընդհատվում էր, որի պատճառով լուրջ խնդիրների առաջ էին կանգնում: Հայկական զինուժի ուղղաթիռները եկել էին՝ ադրբեջանցիների դիրքերը հրթիռակոծելու, սակայն թիրախավորել էին միջդիրքային հատվածը: Ըստ՝ Շաբուրյանի՝ հետ գնալիս ուղղաթիռներից մեկը խոցվել է:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ
Օրերի ընթացքում ադրբեջանցիները շարունակում են առաջխաղացումը։ Ֆիզուլիի (Վարանդայի) կողմից ադրբեջանական ուժերը մեքենաներով գալիս և կենտրոնանում են Հողեր գյուղի հատվածում (կարմիր գույնով)։ Հայկական ուժերը նահանջում են մինչև Տող գյուղի մատույցները։
Շուտով ադրբեջանցիների վերահսկողության տակ են ընկնում նաև Ջրակուս և Մարիամաձոր գյուղերը։ Ադրբեջանցիները մոտենում են նաև հարավի՝ Հադրութի կողմից։
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ
Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական ստորաբաժանումները մոտենում են Տող գյուղի սահմաններին։ Գյուղից հարավ-արևելք տեղակայվում է ադրբեջանցիների դիպուկահար խումբը (կարմիր գույնով)։
Հայկական հիմնական ուժերը տեղակայվում են գյուղից հյուսիս-արևելք․ դա դեպի Ստեփանակերտ գնացող ճանապարհի հատվածն է։ Ըստ էության հայկական կողմը նահանջի ճանապարհն է պաշտպանում։
Ադրբեջանցիների առաջին խմբերը գյուղի թաղամասերին մոտենում են արևելքից՝ «1» և «2» թվերով նշված ձորակներով։ Հիմնական մարտերն ընթանում են առաջին ձորակում՝ «Պապունց ծյոր» կոչվող տեղամասում։
«Ասում եմ՝ Լեռնիկ, երկու հատ պատրոն պահի, որ դու քեզ սպանես։ Ես քեզ չեմ սպանելու։ Ես ինձ եմ սպանելու։ Էլ հանձնվել չկա։ Մենակ մեռնենք, գնանք։ Ո՞ւմ հանձնվենք։ Տողի մեջ հանձնվե՞նք»,- պատմում է Արամ Ավանեսյանը։
ՏՈՂԻ ԱՆԿՈՒՄԸ
2020-ի հոկտեմբերի 21-ին գյուղացիների մի մասը նահանջում է գյուղից հյուսիս գտվող Մեծ Թաղեր գյուղով, իսկ վերջին խումբը հաջորդ օրը դուրս է գալիս Տումի գյուղով (քարտեզի վրա կապույտ գույներով)։
Հոկտեմբերի 22-ից Տող գյուղը ամբողջությամբ անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ։