Տողի անկումը
Մեկօրյա մարտեր
Տողի համար
Երկու տարի առաջ այս օրը՝ 2020թ․-ի հոկտեմբերի 21-ին, Հադրութի շրջանի Տող գյուղը անցավ ադրբեջանական զինված ուժերը վերահսկողության տակ։ Գրավելով Արցախի հարավային տարածքները՝ հակառակորդը մոտեցել էր Հադրութի շրջանի գյուղերին։ Դրանցից հատկապես նշանավոր էր Տող գյուղը, որն, ունենալով պատմամշակութային մեծ նշանակություն, վերջին տարիներին դարձել էր Արցախի տնտեսական և տուրիստական կենտրոններից մեկը։

Հադրութից դեպի Շուշի և Ստեփանակերտ ադրբեջանցիների առաջխաղացման հաջողությունը կախված էր Տողը և հարակից գյուղերը գրավելու հանգամանքից, քանի որ այդտեղով էին անցնում Արցախի խորքը տանող ուղիները։ Մինչև հոկտեմբերի 21-ը գյուղի աշխարհազորայինները և կանոնավոր բանակը թշնամու դեմ մարտեր են վարել գյուղի մատույցներում, ապա՝ հենց գյուղի տարածքում։

2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմում Տող գյուղի ինքնապաշտպանության մասին պատմում են գյուղի աշխարհազորայինները և Տողի համայնքապետը։
«Լույս 27-ի առավոտ եղբայրս զանգեց ասեց, որ պատերազմը սկսվել ա»։

Թե՛ 2016 թվականի ապրիլի, թե՛ 2020 թվականի աշնան պատերազմներից առաջ արցախցիները մշտապես սպասում էին, որ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսվելու են: Արցախի Հադրութի շրջանի Տող համայնքի համայնքապետ Վարդան Գրիգորյանը պատմում է, որ 44-օրյա պատերազմի սկսվելու օրը Երևանում էր։ Եղբոր զանգից հետո միանգամից մեկնել է Արցախ։

«Էտ ճանապարհն ինձ համար ․․․․ և՛ հեշտ էի գնում, և՛ դժվար էի պատկերացնում այս ամեն ինչը։ Մեր շտապօգնության մեքենաներն էին անընդհատ գնացողները, նաև Ղարաբաղից տարհանում էր, անհասկանալի էր», - ասում է Գրիգորյանը։
Որպես գյուղի ղեկավարի՝ պատերազմի ժամանակ Գրիգորյանի վրա են դրված եղել գյուղի մոբիլիզացիայի, քաղաքացիական պաշտպանության, տարհանման պարտականությունները։
Պատմում է, որ առաջին իսկ օրը գյուղի ՄՈԲ-ը մեկնել է ռազմաճակատ՝ Կարախանբեյլիի ուղղությամբ (Տողից արևելք, 27 կմ հեռավորության վրա)։ Ավելի ուշ գյուղում են տեղակայվել նաև բանակային ստորաբաժանումներ (Մարտունի 3-րդ պաշտպանական շրջանից մեկ վաշտ, մեկ տանկ Իվանյանի տանկային բրիգադից և ՊԲ հատուկջոկատայինների մեկ խումբ)։
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Սեպտեմբերի 27-ից սկսած Տողի բնակիչների մի մասը տարհանվեց ավելի թիկունքում գտնվող գյուղեր՝ Տումի և Հակակու (կապույտ սլաքներով)։

Միաժամանակ գյուղից մոբիլիզացված ուժերը մեկնեցին ռազմաճակատ՝ Կարախանբեյլիի ուղղությամբ (կապույտով նշված դիրքեր՝ շփման գծի մոտ)։
Տողեցիների մարտերը
«Պատերազմի առաջին օրը գնում ենք Տողից Հադրութ, զենքեր ստանում, ու ես՝ որպես առաջին կռվի մասնակից, դառնում եմ մեր գյուղի՝ մոտ 20 հոգուց կազմված ՄՈԲ դասակի հրամանատար։ Ուղարկում են Հադրութի Կարախանբեյլի կոչվող տեղամասից աջ ընկած տեղամասում երկրորդ գիծ»,- պատմում է Սպարտակ Բադադյանը։

Բադադյանը, ինչպես նաև Լեռնիկ Շաբուրյանը և Արամ Ավանեսյանը Տողի ՄՈԲ-ի խմբի մեջ էին։ Շաբուրյանը նախկին զինվորական է: Պատմում է, որ Կարախանբեյլիում մարտերի չեն մասնակցել, սպասում էին հրամանի:
«14-րդ օրը (հոկտեմբերի 10-ին - խմբ) իմանում ենք, որ թուրքերը շրջանցել են, մտել մեր թիկունքը՝ անտառներով եկել են, մտել Հադրութ։

Մենք հասկանում ենք, որ էնտեղ արդեն անելու բան չունենք, իմաստ չունի մեր էնտեղ մնալը, ավելի լավ է գնանք մեր գյուղը պահենք», - պատմում է Լեռնիկ Շաբուրյանը։

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ


Հադրութի անկումից հետո ադրբեջանցիները սկսում են առաջխաղացումը դեպի հյուսիսում գտնվող գյուղեր։ Նրանք ուժեր են կենտրոնացնում Ուխտաձորի հատվածում (կարմիր գույնով)։


Հայկական ուժերը, այդ թվում՝ տեղացիների հրամանատարությամբ գործող խաղաղապահների դասակները, տեղակայվում են Տող գյուղից հարավ-արևելք՝ «Կարվին» կոչվող տեղամասում (կապույտ գույնով)։

Հոկտեմբերի 11-ին ՊԲ հրամանատարությունը որոշեց, որ Տողի աշխարհազորը վերադառնա գյուղ և կազմակերպի գյուղի պաշտպանությունը:

«Գյուղ վերադառնալուց երեք օր հետո (հոկտեմբերի 14-ին - հեղ․) իմացանք, որ գյուղից [10 կմ] արևելք ընկած Կավաք բարձունքի վրա կրակոցներ են եղել, դիվիզիայի հրամանատարի տեղակալ Վարդան Ղահրիյանի հետ Տողից գնացինք դեպի Կավաք՝ իրավիճակը հասկանալու համար:

Ջրաշխարհից (Տողից 3 կմ հյուսիս-արևելք - հեղ․) մի քիչ ներքև մեքենաները կանգնեցրինք։ Արթուր Աղաբեկյանն էր (գեներալ-լեյտենանտ) այնտեղ, Լևոն Մնացականյանն էր (գեներալ-լեյտենանտ), Արտակ Տոնոյանն էր (գեներալ մայոր)՝ խաղաղապահների հրամանատարը, Կարեն Գրիգորյանը (գնդապետ)», - պատմում է Սպարտակ Բադադյանը։
Արթուր Աղաբեկյանը Սպարտակին ճանաչում էր առաջին պատերազմից, և որպես տեղանքին ծանոթ մարդու՝ հրահանգում է օգնել խաղաղապահ գումարտակի հրամանատար Արսեն Մանգասարյանին, որպեսզի գումարտակը դիրքավորվի գյուղից 7 կմ հյուսիս-արևելք գտնվող «Կարվին»-ի տարածքում (ԽՍՀՄ ժամանակ գինու գործարան է եղել, առաջին պատերազմից հետո տարածքում դիրքեր են մնացել
Որպես տեղացիների և որպես պատերազմով անցած մարդկանց՝ Սպարտակ Բադադյանին, Լեռնիկ Շաբուրյանին և Արամ Ավանեսյանին նշանակում են ՊՆ խաղաղապահ զինծառայողներից կազմված դասակների հրամանատարներ: Դասակներին հրահանգում են դիրքավորվել «Կարվին»-ի դիրքերից հարավ։

Այդ ժամանակ ադրբեջանական ուժերն արդեն գրավել էին Հադրութն ու Ֆիզուլին և երկու կողմից շարժվում էին Տողի հարավ-արևելքում գտնվող Ուխտաձոր, Ջրակուս, Մարիամաձոր գյուղերի ուղղությամբ։
Սպարտակ Բադադյանը
Սպարտակ Բադադյանը պատմում է, որ այդ օրերին խաղաղապահների հետ ամրացել են, դիրքեր են փորել։ Ընթացքում այդ դիրքերը մի քանի անգամ ռմբակոծվել են ադրբեջանական ինքնաթիռներից։

«Ռմբակոծեցին։ «Կարվին»-ի թումբը դղրդում էր։ Բարեբախտաբար, զոհեր չեղան։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, ականանետներով սկսեցին կրակել։ Խաղաղապահների ու նրանց կցված ՄՈԲ-ի մեծ մասը դրանից հետո թողեց դիրքերը, մոտ 100 հոգուց 20-ը մնացին»։

Լեռնիկ Շաբուրյանը պատմում է, որ սկզբից մեծ սպառազինություն չունեին․ ունեցածը՝ ավտոմատներ, «ՌՊԿ» (գնդացիր), չաշխատող «ԴՇԿ» (խոշոր գնդացիր), նռնակներ։ Ունեին նաև նռնականետներ՝ մի քանի նռնակներով։ Հետո Լեռնիկ Շաբուրյանի դասակը համալրվում է «ՍՎԴ» դիպուկահար հրացաններով:
Անկարզմակերպ վիճակ

Շաբուրյանը պատմում է, որ անկազմակերպ վիճակ էր, կապը պարբերաբար ընդհատվում էր, որի պատճառով լուրջ խնդիրների առաջ էին կանգնում: Հայկական զինուժի ուղղաթիռները եկել էին՝ ադրբեջանցիների դիրքերը հրթիռակոծելու, սակայն թիրախավորել էին միջդիրքային հատվածը: Ըստ՝ Շաբուրյանի՝ հետ գնալիս ուղղաթիռներից մեկը խոցվել է:

Լեռնիկ Շաբուրյանը (ձախ) և Արամ Ավանեսյանը
Խնդիրներ հրետանու հետ
«Կարվինի» դիրքերում տեղակայված Լեռնիկ Շաբուրյանի դասակը տեսնում էր, թե ինչպես են Ուխտաձորից ադրբեջանական ստորաբաժանումները բեռնատարներով և զրահամեքենաների ուղեկցությամբ հենց ճանապարհներով գալիս, բացազատվում ու մտնում անտառները, դիրքավորվում։

Լեռնիկ Շաբուրյանը պատմում է, որ առաջնագծից իրենք տեսում էին այդ առաջխաղացումը, թիրախների դիրքերը հաղորդում էին հրետանուն, սակայն հրետանու հարվածները շեղ էին լինում։ Նույնիսկ հետագա ուղղորդումից հետո այդ հարվածները չէին դիպչում ադրբեջանցիների հոծ խմբերին։

«Ասում եմ՝ էսինչ տեղամասն ա․ մի՞թե դուք քարտեզ չեք կարում դնեք։ Ես հստակ ասում եմ, կարաք գցեք մեջները, էլի։ Մի հոգի չի, մի երկու սնարյադ գցես, սաղ կոտորվելու են։ Մենակ Ուխտաձոր գնացող ճանապարհին, որտեղով գալիս են, էդտեղ մեր հրետանին մի ավտո է տրաքացնում: Խփում ա, տեսնում եմ, որ ծուխը հելավ, բոցը հելավ։ Մնացածը՝ ոչ մի բան, արտիլերիան ուղիղ չի խփում, ծուռ ա խփում։ Չգիտեմ՝ խի՞, ո՞նց։ Սաղ ծուռ ա խփում»,- ասում է Լեռնիկ Շաբուրյանը:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ


Օրերի ընթացքում ադրբեջանցիները շարունակում են առաջխաղացումը։ Ֆիզուլիի (Վարանդայի) կողմից ադրբեջանական ուժերը մեքենաներով գալիս և կենտրոնանում են Հողեր գյուղի հատվածում (կարմիր գույնով)։ Հայկական ուժերը նահանջում են մինչև Տող գյուղի մատույցները։


Շուտով ադրբեջանցիների վերահսկողության տակ են ընկնում նաև Ջրակուս և Մարիամաձոր գյուղերը։ Ադրբեջանցիները մոտենում են նաև հարավի՝ Հադրութի կողմից։

Մարտեր Տողի համար
Հոկտեմբերի 21-ի լույս գիշերը Լեռնիկ Շաբուրյանը գնում է գյուղ՝ տեխնիկան լիցքավորելու, մնում է գյուղում։ Առավոտյան լուր է ստանում՝ ադրբեջանցիներն արդեն գյուղի մոտ են՝ գալիս են դպրոցի կողմից՝ արևելքից։ Շաբուրյանը և Ավանեսյանը գնում են այդ ուղղությամբ։ Ստուգում են մանկապարտեզը, դպրոցը։ Ձորակի մոտ (տես քարտեզում) հանդիպում են զինված մեկին։ Ձայն են տալիս, դիմացինը միանգամից դիրքավորվում է։

«Չի կրակում, միանգամից դիրքավորվում է։ Թփոտ տեղ է։ Ծունկը դնում է, որ դիրքավորվի։ Ջոկում եմ, որ թուրք է (ադրբեջանցի - խմբ)։ Միանգամից երկու պատրոն գլխին եմ խփում։ Դա միլիվայրկյաններ է տևում։ Էդ պահին ինչ-որ տեղից նռնակներ են գցում մեր վրա»,- պատմում է Լեռնիկ Շաբուրյանը։

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ


Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական ստորաբաժանումները մոտենում են Տող գյուղի սահմաններին։ Գյուղից հարավ-արևելք տեղակայվում է ադրբեջանցիների դիպուկահար խումբը (կարմիր գույնով)։


Հայկական հիմնական ուժերը տեղակայվում են գյուղից հյուսիս-արևելք․ դա դեպի Ստեփանակերտ գնացող ճանապարհի հատվածն է։ Ըստ էության հայկական կողմը նահանջի ճանապարհն է պաշտպանում։


Ադրբեջանցիների առաջին խմբերը գյուղի թաղամասերին մոտենում են արևելքից՝ «1» և «2» թվերով նշված ձորակներով։ Հիմնական մարտերն ընթանում են առաջին ձորակում՝ «Պապունց ծյոր» կոչվող տեղամասում։

Նա և Ավանեսյանը դիրքավորվում են, սկսվում է մարտը՝ նռնակներով, ավտոմատներով։ Ադրբեջանցիները նաև թվով շատ էին, սկսում են շրջապատել, սակայն չեն տեսնում տողեցիներին, չեն կարողանում հասկանալ՝ որտեղից են նրանք կրակում։ Ավանեսյանը պատմում է, որ իրենց մոտ փամփուշտ քիչ էր մնացել, սկսել էին մենահատ կրակել:
Երկու փամփուշտ

«Ասում եմ՝ Լեռնիկ, երկու հատ պատրոն պահի, որ դու քեզ սպանես։ Ես քեզ չեմ սպանելու։ Ես ինձ եմ սպանելու։ Էլ հանձնվել չկա։ Մենակ մեռնենք, գնանք։ Ո՞ւմ հանձնվենք։ Տողի մեջ հանձնվե՞նք»,- պատմում է Արամ Ավանեսյանը։

Նահանջ
Երկու տողեցիները շրջափակումից դուրս են գալիս շնորհիվ այն բանի, որ կարողանում են կապվել յուրայինների հետ, հայտնում իրենց գտնվելու վայրը։ Հայկական ուժերը սկսում են կրակել այդ ուղղությամբ, թշնամին մի պահ խուճապի է մատնվում, Լեռնիկը և Արամը կարողանում են դուրս գալ շրջափակումից։ Զինամթերք են վերցնում ու երկրորդ անգամ խմբով գնում են նույն տեղը, մարտի բռնվում: Ոչնչացնում են ադրբեջանցիների մեծ մասին, մնացածը փախչում են։
Հոկտեմբերի 21-ի երեկոյան հայկական ուժերը հավաքվում են հրահանգների սպասելու։ Նրանց թվում է լինում նաև ժամկետային զինծառայողների մեկ վաշտ՝ Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանից։ Արթուր Աղաբեկյանը կապվում է հայկական ուժերի հետ, Արամ Ավանեսյանին հրահանգում է զորքին ուղեկցել ու դուրս բերել գյուղից։
Արամ Ավանեսյանը
«Աղաբեկյանը խոսեց, թե վաշտը հանի։ Ո՞նց հանեմ։ Ասում է՝ հանի, հո քո սեփականը չե՞ն, որ մոտդ ես պահում։ Ասում եմ՝ 3-4 խումբ թուրք են։ Երեք խմբի սպանել ենք, մեկն էլ առավոտն ենք սպանելու։ Ասում է՝ չէ, զորքը հանի։ Դե, մի կողմից ճիշտ ա ասել, մյուս կողմից մեզ ա վնաս, որ հանում ենք։ Խառը-խշտիկ վիճակ էր, բայց թուրքը արդեն Դրախտիկը վերցրել էր, Ազոխը վերցրել էր, լրիվ սարերը անցել։ Մենք ուղղակի մտած էինք էդ զորքերի մեջ։

Իրիկունը զորքերը հանեցի։ Մի քանի հոգի մերոնցից մնացել էին գյուղում։ Ես զորքը հանել եմ, տարել եմ Տումի, որ ճանապարհենք, գնան, Մեծ Թաղերով դուրս գան»,- պատմում է Արամ Ավանեսյանը։

ՏՈՂԻ ԱՆԿՈՒՄԸ 


2020-ի հոկտեմբերի 21-ին գյուղացիների մի մասը նահանջում է գյուղից հյուսիս գտվող Մեծ Թաղեր գյուղով, իսկ վերջին խումբը հաջորդ օրը դուրս է գալիս Տումի գյուղով (քարտեզի վրա կապույտ գույներով)։


Հոկտեմբերի 22-ից Տող գյուղը ամբողջությամբ անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ։

«Դիմադրեցին տողեցիները, դիմադրեցինք մինչև երեկոյան։ Բայց, ցավոք սրտի, արդեն որ Ստեփանակերտի հետ կապող մեր հիմնական ճանապարհը Դրախտիկ գյուղն էր, Դրախտիկն էլ օրվա երկրորդ կեսին ադրբեջանցիները մտել էին, մեր աջից, ձախից, դիմացից գալիս էին թուրքերը, մենք ոնց որ արդեն շրջափակաման մեջ էինք ընկնում։ Արդեն գիշերը մենք թողել, գյուղից դուրս ենք եկել», - պատմում է Տողի համայքապետ Վարդան Գրիգորյանը։
Վարդան Գրիգորյան
Տողի գյուղապետ
Լեռնիկ Շաբուրյանի խոսքով՝ Տողի ՄՈԲ-ը գյուղի անկումից հետո՝ պատերազմի ընթացքում, եղել են երկու ուղղությունների վրա․ մեկը Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի ուղղությունն էր, երկրորդը՝ Շուշիի մատույցները՝ Շոշ գյուղի զենքի պահեստների մոտակայքում և Լիսագորի ուղղությամբ։ Այնտեղ էլ մնացել են մինչև հրադադարի մասին հայտարարությունը։
Պատերազմի ընթացքը՝ օրերով
  • Սեպտեմբերի 27. Պատերազմի մեկնարկը
    Սեպտեմբերի 27-ին Տողում սկսվում է մոբիլիզացիան, տողեցիների առաջին խումբը մեկնում է Կարախանբեյլիի ուղղությամբ։

    Նույն օրը սկսվում է գյուղացիների մի մասի տարհանումը դեպի ավելի խորքում գտնվող գյուղեր՝ Տումի, Հակակու և այլն։
  • Սեպտեմբերի 28. Մոբիլիզացիան
    Լույս 28-ի գիշերը մոբիլիզացվում են մյուս տողեցիները, որոնք առաջին օրը տարբեր տեղերում էին եղել։ Նրանք նույնպես մեկնում են առաջնագիծ։

    Սեպտեմբերի 28-29-ի գիշերը հոսպիտալը Ջաբրայիլից տեղափոխվում է Տող։ Գյուղը այդ պահին թիկունքում էր։
  • Հոկտեմբերի սկիզբ. Տարհանումը
    Հոկտեմբերի 1-ից սկսվում է Տողի բնակչության ամբողջական տարհանումը։

    Հոկտեմբերի 5-ին ադրբեջանցիները հարվածներ են հասցնում գյուղում գտնվող զենքի պահեստին։ Զոհեր չեն լինում, սպառազինության մեծ մասը տեղափոխել էին:

    Հոկտեմբերի 10-ին հոսպիտալը Տողից տեղափոխվում է Կարմիր շուկա:
  • Հոկտեմբերի 16-21․ Պաշտպանությունը
    Հոկտեմբերի 16-ին Տողում սկսվում է ինքնապաշտպանության կազմակերպումը: Պաշտպանության համար ներգրավվում են մինչև 65 տարեկան տղամարդիկ։

    Հոկտեմբերի 21-ին ադրբեջանցիները մոտենում են Տող գյուղին:

    Գյուղի մատույցներում մարտեր են ընթանում։ Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառում է հրետանի և ԱԹՍ-ներ։ Վտանգի տակ է հայտնվում դեպի Ստեփանակերտ գնացող ճանապարհը։
  • Հոկտեմբերի լույս 22․ Նահանջը
    Հոկտեմբերի 21-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, գյուղի պաշտպանները թողնում են գյուղը։ Ադրբեջանցիները վերահսկողության տակ են վերցնում այն։

    Հոկտեմբերի 22-ին ադրբեջանցիները հրդեհում են գյուղի ծայրամասի մի քանի տներ:
Տողի մարտերը, ըստ էության, շատ կարճ են տևել։ Մեկ օր տևած մարտերից հետո, շրջափակման մեջ մնալու վտանգի տակ՝ գյուղի պաշտպանները լքել են գյուղը։

Արդյունքում Տողի կարճատև պաշտպանության ժամանակ, ըստ համայնքապետ Գրիգորյանի, միայն երկու վիրավոր է ունեցել հայկական կողմը։ Հոկտեմբերի 21-ի մարտերում վիրավորում են ստացել Տող գյուղից Հայկ Գասպարյանը և Մեծ Թաղերից Վահրամ Լազգիյանը։

Տողի անկումը
Շարքի մյուս պատմությունները կարդացեք ստորև
  • Տողը՝ իշխանանիստ
    Գյուղի իշխանական պատմությունը, դրա նշանակությունը Արցախի և Հայաստանի համար։
  • Տողեցիների ճակատագրերը
    Տողի բնակիչների տեղահանությունը, տողեցիների ճակատագրերը և ապրուստը այսօր։
  • Կատարոն և տնտեսությունը
    Արցախի ամենահայտնի գինու գործարանի ճակատագիրը, գյուղի նյութական-տնտեսական կորուստները։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website